ՈՒկրաինայի հետ Թուրքիայի ռազմատեխնիկական համագործակցությունը տարակուսելի է՝ Hurriyet թերթին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը. «Թուրքական զենքն օգտագործվում է ՈՒկրաինայի զինված ուժերի կողմից ռուս զինվորականների և խաղաղ բնակիչների սպանության համար։ Սա չի կարող տարակուսանք չառաջացնել թուրքական ղեկավարության կողմից միջնորդական ծառայություններ մատուցելու պատրաստակամության մասին հայտարարությունների ֆոնին»,- շեշտել է Լավրովը։               
 

ՆԵՐՈՒՄ

ՆԵՐՈՒՄ
13.04.2010 | 00:00

Իվան ԻԼՅԻՆ
Ես պետք է ներեմ. այդպես եք կարծում դուք, դյուրազգաց մարդիկ։ Այո, իհարկե, ես ուզում եմ ներել։ Եվ կներեմ էլ, թեպետ ոչ միշտ է հաջողվում։ Մարդիկ հաճախ այնքան ապերախտ, չարակամ ու նենգ են լինում։ Վիրավորված հոգիս երբեմն այնքան է չարանում, որ չգիտեմ էլ ինչպես վարվեմ նրա հետ։ Եվ, այնուամենայնիվ, ջանում եմ իսպառ վերացնել հոգուս խորքում անձնական վիրավորանքը, պահպանել հանգստությունն ու անկողմնակալությունը, այլևս չմտածել զզվելի վրեժխնդրության մասին, այլ ավելի շուտ, կշռադատել խնդիրը համամարդկային արժեքների տեսակետից, փորձել հասկանալ վիրավորողի հոգեբանությունն ու չարիքի փոխարեն բարին հատուցել։ Պիտի անկեղծորեն խոստովանեմ, որ ինձ չի հաջողվում անձնական թշնամուս ստորություններին պատասխանել քրիստոնեական սիրով. ես սուրբ չեմ, ու նման «ներումն» ուժերիցս վեր է։ Բայց դա բավական չէ ձե՛զ, փափկասուն բարոյախոսներ։ Դուք ձգտում եք միշտ բռնի մեր գլուխը մտցնել սպառիչ «ամենաներումը» և պահանջում եք դա մեզնից. և եթե ուշադիր լսենք ձեզ, ապա տպավորություն է ստեղծվում, թե ձեր սրտում աշխարհի ամբողջ չարիքի համար կա միայն կարեկցանք ու համակրանք, միայն հանդուրժողականություն, և դուք ոչինչ չեք ցանկանում իմանալ բնական զզվանքի, արդարացի զայրույթի, ուրիշներին պաշտպանելու և ոճրագործություններ կատարողներին դաստիարակելու մասին։
Տարօրինա՜կ կարեկցություն։ Հակաբնակա՜ն համակրանք։ Չարաբաստի՜կ համբերատարություն։ Խոսքը հիմա ոչ թե անձնական վնասի, այլ սուբյեկտիվ վիրավորվածության մասին է։ Դե լավ, վերջ տվեցինք «անձնականին» և հանգցրինք վրեժխնդիր լինելու բոցը։ Էլ ի՞նչ կարող եմ «ներել»։ Որպեսզի «պարտավոր» լինեմ ներելու, նախ և առաջ ինձ պետք է դա անելու «համարձակություն»։ Այսինքն, գոյություն ունի ներելու լիազորություն, առանց որի ամեն մի «ներում» դառնում է անիմաստ դատարկախոսություն։ Եթե վիրավորված, հրի ու սրի է մատնված և բռնաբարված ուրիշը, ապա ես հարկադրված չեմ որևէ մեկին «ներելու»։ Կամ էլ ես կոչված եմ չարագործին «կարեկցելով» թաքցնելու յուրաքանչյուր ոճիր, դրանով հենց դառնալով հանցակից։ Կամ էլ, հավանաբար, ես, ղեկավարվելով քրիստոնեական սիրով, պետք է կորզեմ «համակրանք» ոչ թե տուժողի, այլ չարագործի նկատմամբ, որը մեղավոր է ուրիշի տառապանքների համար։ Սակայն քրիստոնեությունը պահանջում է կարեկցանք տառապանքի նկատմամբ, այլ ոչ թե նրա հանդեպ, ով ստիպում է տառապել. նման համակրանքը կլիներ պարզապես դավաճանություն տուժածի, ու, հետևաբար, համամարդկային արժեքների նկատմամբ։ Եթե այն, ինչը ես պետք է ներեմ, «մեղք» է, ապա մեղքերը ներելը Աստծու ձեռքում է. ես լիազորություն չունեմ դա անելու։ Իսկ եթե դուք քրիստոնյաներ եք, ապա ես հիշեցնում եմ ձեզ, որ Քրիստոսը ներում էր ոչ բոլորի մեղքերը և ամենևին ոչ բոլոր մեղավորներին ներում խոստացավ։ Իսկ եթե այն, ինչը ես պետք է ներեմ, օրենքի խախտում է կամ հանցագործություն, ապա այստեղ էլ նույնպես իրավասու չեմ։ Մենք, պետության հասարակ քաղաքացիներս, ունենք միայն սեփական «տրամադրություններ» ու «կարծիքներ»։ Դուք ցանկանում եք, այսպիսով, որ մեր «տրամադրություններով» ու «կարծիքներով» մենք քողարկենք այնպիսի չարագործություններ, ինչպիսիք են զրպարտությունը, բռնությունը, սպանությունը, մանկապղծությունը, հայրենիքի դավաճանությունը և այլն, որ մենք փափկացրած սրտով ներե՞նք դրանք, սենտիմենտալ ձևով «կարեկցե՞նք» դրանց, հանդես գանք որպես իրենց համակրող և օգնակա՞ն։ Իսկ ո՞վ եք դուք, որ հոգ եք տանում այդ մասին։ Եվ ո՞ւմ տեղն են մեզ դնում, կարծելով, թե մենք ընդունակ եք կատարելու դա։ Այդ ամենը մենք կարող էինք հասկանալ, եթե լիներ գոնե տեղին` ուշադրություն, արդարացիություն, մեղմություն, գթասրտություն, ներում, բայց ո՛չ կարեկցանքի կամ նույնիսկ արդարացման կեղծ սենտիմենտալություն և ոչ առողջ բանականության խեղաթյուրում, որը մարդուն դարձնում է ոճրագործության մեղսակից։ Այդպիսի՜ն է «համաներման» ձեր սենտիմենտալ վարդապետությունը։ Լեոնարդո դա Վինչին` հոգևոր խորության մեծ գիտակը, դիտելով դավաճանության ծավալումն իր ժամանակակիցների շրջապատում, մի օր նկատեց. «Ով չի պատժում չարիքը, նա խրախուսում է այն»։ Եվ նա իրավացի էր. ներումն առանց սահմանի հավասարազոր է դավաճանությանը մեծ գործում։
Տպագրության պատրաստեց Պավել ԱՆԱՆՅԱՆԸ

Դիտվել է՝ 1380

Մեկնաբանություններ